ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը այս տարի 6 նոր մասնաճյուղ է բացելու՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 54-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանկի նորանշանակ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Վերջինս կանգնած է եղել Բանկի հիմնադրման ակունքներում, զբաղեցրել է գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի, վարկային տնօրենի պաշտոնը:
Հակոբ Անդրեասյանի ասելով՝ բանկը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը գյուղացիական վարկերի, փոքր ու միջին բիզնեսի վարկավորման բնագավառում՝ շեշտը դնելով երիտասարդ ընտանիքների վրա: Բանկը գյուղացիական տնտեսություններին վարկեր տրամադրող առաջատար բանկն է Հայաստանում, ակտիվորեն համագործակցում է կառավարության հետ՝ սուբսիդավորվող վարկերի ծրագրի շրջանակում: Վերջին ցրտահարություններից հետո, ըստ Անդրեասյանի, հիմնականում տուժել են Արարատի և Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները, որոնց բանկը մոտ 5 մլրդ դրամի վարկեր է տրամադրել կառավարության սուբսիդավորմամբ:
Փոքր վարկերի մեծ վերադարձելիությունը 99% է: Ընդ որում՝ գյուղացիական փոքր վարկերի մոտ 90%-ը առանց գրավի վարկերն են: «Մեր ամենալավ հաճախորդները գյուղացիական տնտեսություններն են, նրանց մեջ էլ՝ կանայք»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ խնդիրներ կան խոշոր վարկատուների հետ, որոնք երբեմն դժվարանում են սպասարկել իրենց վարկերը:
Ընդհանուր առմամբ, բանկն ունի ավելի քան 250 հազար հաճախորդ ամբողջ Հայաստանում և 264 մլրդ դրամի ակտիվներ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































