Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի Դատական փորձաքննության տնօրեն Հալուք Ինջեն մեկնաբանել է թուրքական Bügün թերթի կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի դիակից վերցված նմուշների փորձաքննությունը ցույց է տվել, որ նրան թունավորել են:
Այս կապակցությամբ Ինջեն շտապել է հայտարարել, որ իրենք դեռ չեն ավարտել դատաբժշկական փորձաքննությունը: Նա խոստացել է, որ այդ մասին զեկույցը կկազմվի մոտ ժամանակներս և կներկայացվի դատախազությանը:
Հիշեցնենք, որ Bügün թերթի տվյալներով՝ դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Օզալի ներքին օրգաններից, ոսկրածուծից և մարմնի այլ մասերից վերցված նմուշներում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թույն՝ ստրիխնին, որը սովորաբար գործածվում է առնետների և շների ոչնչացման համար:









































