Պակիստանում ծնողները սպանել են իրենց դեռահաս դստերը՝ նրան տեսնելով տղայի հետ զրուցելիս, հաղորդում է Reuters-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Քաշմիր վիճելի նահանգի պակիստանյան կողմում: 16-ամյա աղջկա ծնողները տեսել են, թե ինչպես է նա տղայի հետ խոսում տան մոտ և նրա դեմքին ծծմբաթթու են լցրել: Աղջիկը գլխամաշկի, պարանոցի և ձեռքերի երրորդ կարգի այրվածքներ է ստացել և մահացել է, երբ նրան հասցրել են հիվանդանոց:
Հիվանդանոցի բժշկի խոսքերով` երեխային հիվանդանոց հասցրած մայրն ասել է, որ նա փորձել է ինքնասպան լինել, սակայն նրա մահվանից հետո ծնողներն ընդունել են իրենց մեղքը:
Պակիստանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայն` 2011թ-ի ընթացքում նմանատիպ հանցագործությունների զոհ է դարձել գրեթե հազար կին: 2004թ-ին նման սպանությունների պրակտիկան արգելվել է, իսկ օրենքի խախտման համար մահապատիժ է սահմանված: Սակայն հաճախ նման դեպքերը մնում են առանց հետաքննության կամ էլ անտեսվում են իշխանությունների կողմից:










































