«168 Ժամ» թերթը գրում է. «Մայիսի 6-ին հայտնի դարձավ, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, ով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարն էր:
Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելը բացատրել էր առողջական պատճառներով: Այն, որ Գրիգոր Գրիգորյանը իսկապես առղջական խնդիրներ ունի՝ կապված թոքերի հետ, հայտնի է շատերին. նա տևական բուժում է ստացել և՛ Հայաստանում, և արտասահմանյան առողջարաններում: Բայց արդյո՞ք առողջական խնդիրներն էին մանդատից հրաժարվելու իրական պատճառը: Հայտնի է, որ ԱԺ պատգամավորների մեջ բազմաթիվ են առողջական խնդիրներ ունեցողները, կան պատգամավորներ, որոնց առողջական խնդիրներն անհամեմատ ավելի լուրջ են, քան Գրիգոր Գրիգորյանինը, բայց նրանց մտքով անգամ չի անցնում հրաժարվել մանդատից:
Պատգամավորի մանդատը որևէ կերպ չի խանգարում պատգամավորին` հոգ տանել իր առողջության մասին, քանի որ պատգամավորը կարող է շաբաթներով և նույնիսկ ամիսներով չլինել խորհրդարանում, և դրա լավագույն օրինակը հենց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Իրականում Գրիգոր Գրիգորյանը մեծ հաճույքով մինչև ներկա խորհրդարանի լիազորությունների ավարտը կմնար պատգամավոր, եթե դա թույլ տար ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Մեր տեղեկություններով` հենց նա է պարտադրել Գրիգորյանին մանդատից հրաժարվելու դիմում գրել: Ծառուկյանի և Գրիգորյանի հարաբերությունները լարված են եղել նրա պատգամավոր դառնալուց անմիջապես հետո:
Ըստ արարատցիների (Գրիգոր Գրիգորյանը ծնունդով Արարատի Վանաշեն գյուղից է), Ծառուկյանը միշտ էլ դժգոհ է եղել Արարատում Գրիգորյանի կուսակցական գործունեությունից: Ավելին՝ հայտնի են դեպքեր, երբ Ծառուկյանն այցելել է մարզ, սակայն Գրիգորյանը նրան չի դիմավորել, ինչը համարվում է վատ վարքի դրսևորում: Ըստ ավանդույթի, եթե կուսակցության ղեկավարն այցելում է որևէ քաղաք, այդ քաղաքի հետ կապ ունեցող կուսակցականները պետք է այնպես անեն, որ կուսակցության առաջնորդի դիմավորման արարողությունը հնարավորինս տպավորիչ և բազմամարդ լինի: Իսկ Գրիգորյանը ոչ միայն մարդաքանակ չի ապահովել, այլև նույնիսկ ինքը չի ներկայացել Ծառուկյանի մասնակցությամբ հանդիպումներին: Գրիգորյանին ճանաչողներն ասում են, որ նա իր էությամբ այնպիսի մարդ է, որ ոչ մի կերպ չէր կարող համակերպվել այն մտքին, որ որևէ օլիգարխ կարող է իր ղեկավարը լինել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:








































