Ճանաչված ամերիկյան Suicide Silence խմբի առաջատար և վոկալիստ Միտչ Լակերը Լոս Անջելեսում իր մոտոցիկլետով վթարի է ենթարկվել: Երաժիշտը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նա մահացել է մի քանի ժամ անց, հայտնում է The Los Angeles Times թերթը:
28-ամյա Լակերը քաղաքի կենտրոնով վարել է իր սև Harley-Davidson-ը, երբ կորցրել է կառավարումը և բախվել լապտերների սյանը:
Վթարից քիչ ժամանակ առաջ Լակերը Twitter-ում Հելլոուինի կապակցությամբ լուսանկար է տեղադրել, որում նա ներկայացել է կմախքի կերպարով` սև հագուստով, կարմիր փողկապով և սև ծանր գրիմը դեմքին: Լուսանկարի տակ գրել է. «Մահացածներն ապրում են»:
Suicide Silence-ը հիմնադրվել է 2002-ին Կալիֆոռնիայում: Խումբը 3 ալբոմ է թողարկել` The Cleansing` 2007-ին, No Time to Bleed` 2009-ին և The Black Crown` անցյալ տարի:











































