Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ վրացական իշխանությունները պատրաստ են «Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակներում վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նոր նախարար Պաատա Զաքարեիշվիլին.
«Երկաթուղու վերականգնումը կօգնի փախստականների վերադարձին և, ընդհանուր առմամբ, խնդրի լուծմանը: Բացի այդ, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը նպաստելու է Աբխազիայի տնտեսական զարգացմանը: Նախորդ տարիներին, երբ Աբխազիայում լավացել էր տնտեսական իրավիճակը, վերադարձող փախստականների ներհոսքն ավելացել էր:
Որքան շատ Վրաստանի մասնակցությամբ նախագծեր իրականացվեն Աբխազիայում, այնաք մեծ կլինեն հակամարտության կարգավորման հնարավորությունները: Այդ մոտեցումն Աբխազիայի ապամեկուսացման հարցում մեր ռազմավարության մասնիկն է: Չպետք է թույլ տալ, որ Աբխազիան տնտեսական ու տրանսպորտային առումով կապված լինի միայն Ռուսաստանի հետ:
Եթե մենք ուղղությունը բացենք մեր ուղղությամբ էլ, ապա Աբխազիան կունենա այլընտրանք: Այդ երկաթուղուց կարող են օգտվել բոլորը՝ Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը: Դրանով իսկ կմեծանա մեր երկրի տրանսպորտային զարկերակի դերն ու նրա աշխարհաքաղաքական նշանակությունը. բեռները կփոխադրվեն ոչ միայն արևելք-արևմուտք, այլև՝ հյուսիս-հարավ ուղղությամբ:
Իմ համոզմամբ, մենք պետք է նպաստենք Աբխազիայի միջով տրանսպորտային շարժման վերականգնմանը՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային: Ընդ որում, մենք պարտավոր ենք բացառել քաղաքական ենթատեքստը և խնդիրը դիտարկել բացառապես տնտեսական պլանում»:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակել Զուրաբ Աբաշիձեին, որը 2000-2004 թվականներին հանդիսացել է Ռուսաստանում Վրաստանի դեսպան:







































