Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը դժգոհ է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից և պահանջում է ակտիվացնել դրանք՝ մինչև անգամ ձեռնարկելով վիրահատական միջոցառումներ: Այստեղ երկու ուշագրավ հանգամանք կա: Առաջինն իհարկե այն է, որ Հայաստանում փաստորեն ոչ թե օրենքն ու Սահմանադրությունը, այլ Սերժ Սարգսյանն է որոշում կոռուպցիայի դեմ պայքարի աստիճանը: Այսինքն՝ դրա դեմ ոչ թե պայքարում են օրենքի և Սահմանադրության տառով, այլ այնպես կամ այնքան, որքան ուզում է կամ հարմար է գտնում Սերժ Սարգսյանը:
Սա ինքնին ամենակոռուպցիոն երևույթներից կամ կոռուպցիայի արմատներից մեկն է, երբ երկրում իշխանությունը որևէ արատավոր երևույթի դեմ ոչ թե պայքարում է, որովհետև պարտավոր է պայքարել, այլ որովհետև այդպես է կամենում նախագահը: Եթե վաղը նախագահը կամենա չպայքարել, ուրեմն՝ չեն պայքարի, կամենա կիսատ պայքարել, ուրեմն՝ կիսատ կպայքարեն, և այսպես շարունակ:
Մյուս ուշագրավ պահն այն է, թե ինչ է նշանակում վիրահատական միջամտություն, թեև առաջին ուշագրավ հանգամանքից հետո դաարդեն իսկ այնքան էլ կարևոր չէ, քանի որ ինչ էլ նշանակի՝ միևնույն է, առավելապես նշանակելու է Սերժ Սարգսյանի, ոչ թե պետության համար: Սակայն, այնուամենայնիվ, ինչ է նշանակում վիրահատական միջամտություն:
Դա նշանակում է, որ կոռուպցիոներները պետք է հեռացվե՞ն, թե՞ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Կամ գուցե վիրահատական միջամտությունը ենթադրում է, որ պետք է վերջապես կոռուպցիայի համար պատասխան տան նաև բարձրաստիճան պաշտոնյաները, թե՞ շարունակվելու է միջին և ստորին օղակների չինովնիկների հանդեպ կոռուպցիայի դեմ պայքարը, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակելու են վայելել իրենց բիզնեսները, իրենց թանկարժեք ու շքեղ կյանքը՝ այդ ամենը վերագրելով զոքանչներին, հարսներին, փեսաներին և որդիներին ու դուստրերին:
Այս հարցերի պատասխանները այսօր կայանալիք կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը հազիվ թե տա: Այս հարցերի պատասխանները չեն տրվել անցած մոտ երկու տասնամյակի ընթացքում, ուր մնաց դրանք տրվեն ինչ-որ խորհրդի մեկ նիստով, առավել ևս, երբ հայտնի չէ Սերժ Սարգսյանի ցանկությունների ժամանակացույցը: Այսինքն՝ պարզ չէ, նա տրամադրված է կոռուպցիայի դեմ պայքարել մեկ շաբաթ, մեկ ամիս, վեց ամիս, մեկ տարի՞, թե՞ նախագահական մեկ ամբողջ ժամկետ: Սակայն, վերջիվերջո, այստեղ կարևորն, իհարկե, մեխանիզմն է, այսինքն՝ պայքարի ինստիտուտի տեսակն ու բովանդակությունը:
Հայաստանում չկա ինստիտուցիոնալ պայքար կոռուպցիայի դեմ, քանի որ չկա պետական կառավարման գեթ մեկ ինստիտուտ, որը չլինի վերից վար կոռումպացված և ստանձնի մյուս համակարգերից կոռուպցիան արմատախիլ անելու պատասխանատվությունը: Եթե չկա այդ մեկը, ապա կոռուպցիոն սխեմաներով միմյանց հետ փոխկապակցված ու շաղկապված ինստիտուտները և դրանք ղեկավարող անձինք առավելագույնը, որ կարող են անել, ընդամենը կոռուպցիայի գլխից մեկ-երկու մազ պոկելն է, որը, պետության և հասարակության պարագայում, ի տարբերություն շան գլխից մազ պոկելու, ամենևին «քյար» չէ:









































