ՀՀ նախագահին կից հանրային խորհուրդը հոկտեմբերի 30-ին քննարկում էր կազմակերպել ԱԳՆ շենքի վաճառքի արդեն իսկ կայացած գործարքի շուրջ: Խորհուրդը նամակով պետք է դիմի ՀՀ նախագահին` շենքի վաճառքի գործընթացը չեղյալ հայտարարելու համար: Հնարավո՞ր է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վերանայի իր որոշումը: «Ժողովուրդ»-ի այս հարցին վարչության պետ Արման Սահակյանը պատասխանեց.
– Մեծ լսարանում խնդիրը քննարկելու գաղափարը, բնականաբար, ողջունելի է: Ճիշտն ասած, ակնկալում էի, որ այնտեղ առողջ երկխոսություն, բազմակարծություն կլինի, և մեր հասարակական գործիչները կփորձեն խորամուխ լինեն գործարքի էության մեջ` փորձելով խնդրի իրավական, տնտեսական կողմերը քննարկել և ոչ թե էմոցիոնալ գնահատականներ տալ:
– Զեր կարծիքով ինչո՞ւ հաղթեց էմոցիան:
– Զարմացած եմ, որ նման կարևոր հասարակական կառույցը ներկայացնող որոշ անձինք, շեշտում եմ` որոշ անձինք, կարող էին թույլ տալ իրենց որակումների մեջ անպատշաճ լինել: Ընդ որում, հանրային հնչեղություն ստացած գործարքի հրապարակավ ներկայացված մանրամասներից գրեթե անտեղյակ էին: Այնպիսի տպավորություն էր, որ ոմանք պարզապես ամբիոնի և խոսափողի կարիք ունեին և հարմար առիթի էին սպասում բարձրաձայն ընդդիմանալու: Այսինքն` խնդիր ունեին խոսելու: Հատկապես բարոյականությունից խոսողներից մեկի վարքագիծն ինձ հիշեցրեց մի ասացվածք. «Գողն ամենաբարձրն է գոռում` բռնե´ք գողին»:
– Ո՞ւմ նկատի ունեք:
– Ես մարդկանց անուններ չեմ տա, քանի որ այնտեղ խոսում էին մարդիկ, որոնք ժամանակին սեփականաշնորհման գործընթացի հանձնաժողովների մեջ են ներգրավված եղել: Ընդհանրապես, պատժի ենթարկելու վերաբերյալ պետք է դիմել անցյալին, և այդ տիպի մարդկանց է պետք պատժել: Դուք ինձանից լավ գիտեք անունները:
– Եթե Սերժ Սարգսյանը որոշի պատժել գործարքն իրականացնողներին, ի՞նչ եք անելու:
– Ըստ անհրաժեշտության` մենք փորձելու ենք Սերժ Սարգսյանին ներկայացնել գործարքի հետ կապված բոլոր հիմնավորումները` չնայած դա արել ենք: Մենք հանրությանը ևս ներկայացրել ենք բոլոր իրավական հիմնավորումները, քանի որ այս գործարքը բխում է միմիայն պետության շահերից:
– Շատերի կարծիքով` Հանրային խորհուրդը ձևական կառույց է, համամի՞տ եք:
– Այդպիսի տպավորություն չունեմ: Հանրային խորհուրդը մեր պետականության կարևորագույն օղակներից մեկն է: Դրա համար ես խոսեցի որոշ անձանց մասին:
– Արդյոք այդ որոշ անձինք ստվեր չեն գցո՞ւմ կառույցի հեղինակության վրա:
– Ընդհանրապես, չկա մեր երկրում այնպիսի մի օղակ, որտեղ չլինեն մարդիկ, որ ստվեր չգցեն, բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:










































