Իսրայելի խոշորագույն խորհրդարանական «Կադիմա» կուսակցությունը հինգշաբթի օրը սկսել է իր նախընտրական քարոզարշավը` վարչապետ Բինյամին Նեթանյահուին մեղադրելով Իրանը ռմբակոծելու «կպչուն» ցանկության համար և փորձելով ընտրողներին վախեցնել միջուկային պատերազմի վտանգով: Նախկինում կառավարող, այժմ` ընդդիմադիր կուսակցությունն ամենամեծ խմբակցությունն ունի խորհրդարանում, սակայն հունվարյան ընտրություններում, ըստ հարցման արդյունքների, հնարավոր է` կուսկացության տեղերը խորհրդարանում 28-ից նվազեն մինչև 3-5 տեղ:
Պաշտոնապես հայտարարելով նախընտրական քարոզչության մեկնարկը` «Կադիմա»-ի ղեկավար Շաուլ Մոֆազն առաջին պաստառն է ներկայացրել` սնկանման միջուկային պայթյունի պատկերով և «Բիբին մեզ կխճճի» գրությամբ: Բիբին Նեթանյահուի կեղծանունն է: Նա «Լիկուդ» կառավարող կուսակցության ղեկին, ըստ բոլոր հարցումների, հունավարի 22-ի ընտրություններում ձայների մեծամասնությունը ստանալու լավագույն շանսերն ունի: Մոֆազն ասել է, որ Նեթանյահուին, բացի Իրանի միջուկային ծրագրին հարվածելուց, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում` ո՛չ տնտեսությունը, ո՛չ սոցիալական քաղաքականությունը:
«Մենք պարտավոր ենք Նեթանյահուին թույլ չտալ իրագործել իր կպչուն ծրագիրը»,- ասել է նա: Նեթանյահուն հայտնի է Իրանի միջուկային ծրագրի հարցում կտրուկ դիրքորոշմամբ, ըհնդհուպ մինչև ուժի կիրառում, այդ թվում` միակողմանի: Նա աշխարհին համոզում է, որ Իրանի ռազմա-միջուկային ծրագրի չեզոքացմանը հաշված ամիսներ են մնացել: Նա նաև նշում է, որ իր կառավարման 7 տարիների ընթացքում Իսրայելը ոչ մի անգամ չի պատերազմել: «Լիկուդ»-ն ընտրությունների է գնում «Մեր տունն Իսրայելն է» խմբակցության հետ: Նրանք ներկայիս խորհրդարանի կմախքն են: Հարցման արդյունքներով` նրանք կստանան 120 մանդատից 35-43-ը` «Ավոդա» ձախ կուսակցության 23-ի դիմաց: Մոֆազը նրանց միավորումն անվանել է սպառնալիք Իսրայելի անվտանգությանը, «անպատասխանատու և առանց արգելակների» քաղաքական գործիչների միություն:










































