Վիեննայում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կաբինետի 124-րդ հանդիպումը: Դրան մասնակցել է նաև Վրաստանի պատվիրակությունը` երկրի արտգործ նախարար Մայա Փանջիկիձեի գլխավորությամբ: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայնը»` վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին:
Նախարարների կաբինետը միաձայն աջակցել է հանդիպման օրակարգին և մինչև նիստը ձևականորեն հաստատել Վրաստանի վիճելի գոտիների դրության վերաբերյալ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների ընդունած որոշումը:
«Ես ուրախ եմ, որ Վրաստանի հակամարտությունը լայնորեն քննարկվեց այս հանդիպմանը, և շատերը դրական գնահատեցին իմ զեկույցը: Ինչպես ձեզ հայտնի է` սահմանազատման հարցը զեկույցում համարվում է մեծ խնդիր: Եվրոպայի խորհուրդը շարունակում է աջակցել Վրաստանին և վստահությունն ամրապնդող միջոցառումներ ձեռնարկել, մենք նաև կշարունակենք հետևել մարդու իրավունքների դրությանը ողջ տարածաշրջանում»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը:
Իր հերթին, Վրաստանի արտգործնախարարը հանդիպումը հաջողված է համարել Վրաստանի համար:











































