Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման ևս մեկ կարևոր աջակից կունենա, որի կարծիքը կարող է ազդել գալիք երեքշաբթի տեղի ունենալիք ընտրությունների ելքի վրա: Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը ո՛չ հանրապետական, ո՛չ դեմոկրատական կուսակցության անդամ չէ, հայտարարել է, որ աջակցում է Օբամային:
Իր որոշումը Բլումբերգը բացատրել է նրանով, որ վերջին մի քանի օրում Օբաման կարողացել է ապացուցել, որ պատրաստ է ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխության խնդրին, ինչը, ըստ քաղաքապետի, «Սենդի» փոթորկի առաջացման պատճառներից է եղել:
Նախկինում 70-ամյա Բլումբերգը քննադատել էր և՛ Օբամային, և՛ Ռոմնիին` համարելով, որ նրանցից ոչ մեկը չի կարող լուծել երկրի առջև ծառացած խնդիրները:
Նա նշել է, որ իր որոշման վրա ազդել է այն, որ Օբաման կողմ է հղիության արհեստական ընդհատումների և միասեռ ամուսնությունների իրավունքներին: Լիբերալ Բլումբերգն այս 2 հարցերին հատուկ նշանակություն է տալիս:
Քաղաքապետը նաև քննադատել է Օբամային` ասելով, որ վերջինս չի կատարել Վաշինգտոնում միջկուսակցական համաձայնություն ստեղծելու 2008-ի իր խոստումը, «քիչ ժամանակ է հատկացրել» կենտրոնացված կոալիցիա ստեղծելուն, որն ընդհանուր հայացքներ կունենար ներգաղթի, զենք կրելու, հարկային բարեփոխումների և բյուջետային դեֆիցիտը կրճատելու հարցերում:
«Սենդի» փոթորկի հետևանքների վերացման գործում Օբամայի աշխատանքը բարձր է գնահատել նաև Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստին:









































