Ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետը «Երևան մոլ»-առևտրի կենտրոնում կբացվի միայն այս տարվա աշնանը՝ հոկտեմբեր ամսին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին «Երևան մոլի» տնօրինությունից:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը։
«Երևան մոլի» տնօրինությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ Օլանդի և Սերժ Սարգսյանի այցը առևտրի կենտրոն նախատեսված է մայիսի 13-ին, սակայն «Կարֆուր» հիպերմարկետի բացում այդ օրը նախատեսված չէ: Օլանդը պարզապես այցելելու է առևտրի կենտրոն՝ ծանոթանալու «Կարֆուրի» տարածքին և շինարարական աշխատանքներին:
Այսօր մեր այցելության պահին «Կարֆուրի» տեղում դեռևս ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Հիպերմարկետի բուն տարածքը՝ 6600 քմ, պատված էր կապույտ պաստառներով, որից այն կողմ ևս շինարարական աշխատանքներ էին, իսկ դրսի պատին փակցվում էին հիպերմարկետի մասին հուշող պաստառներ:
Նշենք, որ «Կարֆուրի» ընդհանուր տարածքը՝ պահեստներով և գրասենյակներով հանդերձ, կազմում է 10 հազար քմ:
Մեր այցելության պահին առևտրի կենտրոնում «Կարֆուրի» ներկայացուցիչներից ոչ ոք չկար: Մենք հատկապես ցանկանում էինք պարզել, թե հիպերմարկետն ի՞նչ գնային քաղաքականություն է վարելու, ի՞նչ ապրանքներ են ներկրվելու, և նրա գործունեությունը որքանո՞վ կարող է վտանգ ներկայացնել տեղական արտադրողների համար:











































