Նոյեմբերի 1-ին Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել են Թուլուզում հրեական դպրոցի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել է մոտ 700 մարդ:
Բենիամին Նեթանյահուն միջոցառմանը ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է, որ հրեաներին սպանելու ահաբեկիչների փորձերի լավագույն պատասխանը կլինի «Իսրայելի ժողովուրդը ողջ է» երգը և սկել է երգել այն` ներկաներին կոչ անելով միանալ իրեն:
Իսրայելցի առաջնորդն ընդգծել է, որ բարբարոսական ատելությունը, որը սպանություն է հրահրում, սպառնում է ոչ միայն հրեաներին, այլև ամբողջ մարդկությանը:
Վարչապետը հայտարարել է, որ նացիստների իշխանության գալուց հետո շատ եվրոպացի առաջնորդներ ոչինչ չարեցին նրանց հակազդելու համար:
«Բայց այսօր իմ կողքին կանգնած է Ֆրանսիայի նախագահը, ով քննադատում է հակասեմիտիզմը և միջոցներ ձեռնարկում դրա դեմ պայքարելու համար»,- հայտարարել է Նեթանյահուն:








































