Ֆինանսական օգնության ծավալները, որոնք Ուկրաինան այս ամիս կստանա Արևմուտքից, կարող են հասնել մինչև 5.9 մլրդ դոլարի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դենիել Գլեյզերին:
Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարցերով լսումներին՝ նվիրված ուկրաինական հարցին, նա հայտնել է, որ «մայիսին Ուկրաինային կտրամադրվի ֆինանսական օգնություն, որն ընդհանուր առմամբ գնահատվում է 5.9 մլրդ դոլար»: Սպասվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կհատկացնի 3.2 մլրդ դոլար: Մյուս 2.7 մլրդ դոլարը կտրամադրեն «ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Համաշխարհային բանկը, Ճապոնիան և Կանադան»:
Նա նաև հավելել է, որ ընդհանուր առմամբ, Արևմուտքը երկու տարվա ընթացքում նախատեսում է Ուկրաինային հատկացնել 27 մլրդ դոլար:










































