Ադրբեջանում Nida երիտասարդական շարժման 18-28 տարեկան 8 ակտիվիստներ դատապարտվել են 6-8 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է BBC-ն:
Երիտասարդներին մեղավոր են ճանաչել խուլիգանության, թմրանյութերի ու պայթուցիկների պահման, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ:
Ակտիվիստները հերքում են բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ դատավճիռը քաղաքական ենթատեքստ ունի:
Nida-ի ակտիվիստները ձերբակալվել էին 2013-ի մարտին անցկացված բողոքի ակցիաների ժամանակ՝ ուղղված ազգային բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող կորուստների դեմ:
Բողոքի ակցիաների առիթը շարքային Ջեյհուն Գուբադովի մահն էր անցած տարվա հունվարի սկզբին: Ինչպես և զոհվածի ծնողները՝ ակտիվիստները նույնպես կասկածել էին, որ նա մահացել է սրտային անբավարարության հետևանքով, ինչպես հայտնել են իշխանությունները: Հարազատները հայտարարել էին մահացածի մարմնի վրա առկա ծեծի հետքերի մասին:
Ձերբակալված ակտիվիստները միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության կողմից համարվել են «խղճի կալանավորներ»:










































