«ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշում կայացնելիս պետք է հաշվի նստի ՀԱԿ-ում ընդգրկված քաղաքական ուժերի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի մաս կազմող «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը: Նա անդրադարձավ երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հանդես եկած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ քաղխորհուրդը օգոստոսին կայացրել է ԲՀԿ-ի հետ գործակցության վերաբերյալ որոշում:
Գառնիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ ՀԱԿ քաղխորհրդի նիստի ընթացքում հայտարարել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության քաղխորհրդի որոշումը, ըստ որի` Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է գա քաղխորհրդի նիստին և հաշվի առնի ՀԱԿ-ում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումները:
Նրա համոզմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հաշվի նստի ՀԱԿ-ում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումների հետ: «Բա ի՞նչն է իր հենարանը, միանձնյա` որպես Լևոն Տեր-Պետրոսյան, ի՞նչ կարող է անել, եթե չլինեն կուսակցությունները: Չէ՞ որ ՀԱԿ-ն է իրեն առաջադրել, չէ՞ որ ՀԱԿ-ն է իր պաշտպանը եղել, իր ամբողջ պրակտիկ աշխատանքը ՀԱԿ-ն է իրականացրել, ինքը կարո՞ղ է մենակ անել, դե, թող մենակ անի: Եթե հաշվի չի նստում, մենք էլ իր հետ հաշվի չենք նստի»,- մեկնաբանեց Գառնիկ Մարգարյանը:
Վերջինս հավելեց, որ «Հայրենիք և պատիվ» կուսակցությունն ունի բարձրագույն մարմին, քաղխորհուրդ, համագումար, ուստի կհավաքվեն և որոշում կկայացնեն, որի մասին կհայտնեն ավելի ուշ:
Կուսակցության ղեկավարը վերահաստատեց իր ավելի վաղ հայտնած կարծիքը, որ Հայաստանի կործանման մեղքի զգալի բաժինը ԲՀԿ-ինն է:
«ԲՀԿ-ն եղել է իշխանության հենասյուներից մեկը, ուստի երկրի կործանման մի մեծ մասնաբաժինը ԲՀԿ-ի վրա է, ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության դեպքում մենք ՀԱԿ-ում անելիք չունենք»,- եզրափակեց իր խոսքը Գառնիկ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ «Լրագիր» լրատվական վերլուծական կայքը գրում է, որ հոկտեմբերի 31-ին «Կենտրոն» հեռուստաընկերության հյուր, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել է, որ Կոնգրեսում կան ԲՀԿ-ի հետ գործակցելու վերաբերյալ տարբեր կարծիքներ, բայց Կոնգրեսի քաղխորհուրդը օգոստոսին կայացրել է որոշում և ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը` ԲՀԿ-ի հետ գործակցելու մասին:









































