Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն, հնարավոր է, պահանջի ԵԱՀԿ-ից հետ կանչել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Ազիմովի պնդմամբ՝ Ուորլիքի որոշ հայտարարություններ ակնհայտ հակաադրբեջանական ու սադրիչ բնույթ են կրում:
Փոխարտգործնախարարի խոսքերով՝ ամերիկացի համանախագահը նախընտրում է ավելի շատ շփվել Ամերիկայի հայ համայնքի հետ և ոչ թե ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների։
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի ադրբեջանական այս հակաամերիկյան հիսթերիայի մասին, հնարավոր՞ է՝ սա պարզապես բանակցային գործընթացը տապալելու փորձ է, որը պլանավորված է Ռուսաստանի կողմից:
Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Արման Մելիքյանն ասաց․ «Կարծում եմ, որ Ադրբեջանի ներկայիս վիճակը բավականին երերուն է՝ այդ երկիրը հստակ արևմտամետ կեցվածք է որդեգրել իր տնտեսական ու ռազմական քաղաքականության բնագավառում, սակայն նաև լավ է գիտակցում, որ առանց Ռուսաստանի աջակցության հնարավոր չէ արցախյան հիմնախնդրին իր համար ցանկալի լուծումը տալ: Այդ պատճառով էլ քաղաքական լարախաղացությամբ է փորձում զբաղվել՝ մի կողմից Ղրիմի հարցում աջակցում է Կիևի իշխանություններին՝ ընդդեմ Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ դեմարշ է նախաձեռնում Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող դիվանագետի դեմ և փորձում այդ կերպ ռուսներին հասկացնել, որ պատրաստ է Արևմուտքի նկատմամբ կոշտ քայլեր ձեռնարկել ու նախապատվությունը տալ Կրեմլին»:
Արման Մելիքյանի դիտարկմամբ՝ այս պահին Ադրբեջանն իր ուզած գնորդը չի ունենա, քանի որ մինչ այժմ շատ է պոչ խաղացրել և կորցրել է իր երազած գործարքը գլուխ բերելու պահը՝ ուկրաինական դեպքերի արդյունքում լրջորեն փոխվել է ուժերի դասավորությունը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում:








































