Google որոնողական հսկայի Gmail փոստային ծառայությունը դարձել է աշխարհում ամենահայտնին՝ առաջ անցնելով Hotmail-ից և Yahoo!-ի փոստից: Այս մասին հայտնում է GigaOM-ը՝ հղում անելով comScore ընկերության հոկտեմբերյան հաշվետվությանը:
ComScore-ի տվյալներով՝ Gmail-ի ամսական լսարանը կազմում է 287,9 միլիոն օգտատեր: Երկրորդ տեղում է Microsoft ընկերության Hotmail փոստային ծառայությունը (286,2 մլն օգտատեր): Երրորդ տեղում է Yahoo!-ի փոստային ծառայությունը (281,7 մլն):
Google-ի վարկածով՝ Gmail-ը օգտատերերի թվաքանակով Hotmail-ից առաջ է անցել դեռևս 2012-ի հունիսին: Այդ ժամանակ Google-ը հաղորդել էր, որ ծառայության ամսական լսարանը հասնում է 425 միլիոնի: Սակայն հետազոտական այլ ընկերություններ, այդ թվում` comScore-ը, այն ժամանակ չէին համաձայնել Google-ի հետ և առաջատար էին ճանաչել Hotmail-ին:
Հաշվարկների տարբերությունը կարող է բացատրվել նրանով, որ Google-ը հաշվի է առնում բջջային սարքերով ծառայությունից օգտվողների թիվը, իսկ comScore-ը՝ ոչ:
Երեք առաջատար փոստային ծառայությունների շարքում Gmail-ը ամենաերիտասարդն է: Այն գործարկվել է 2004 թվականին: Առաջին երեք տարիներին Gmail-ը գործել է կիսափակ ռեժիմում` գրանցումը հնարավոր է եղել միայն հրավերքով: Hotmail-ը գործարկվել է 1996թ.-ին, իսկ Yahoo!-ի փոստը՝ 1997-ին:








































