ԵՄ-ն կանցնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փուլին, եթե Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները տեղի չունենան: Այս մասին երկուշաբթի օրը «Ֆրանս-Էնթեր» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը:
«Մենք արդեն պատժամիջոցների երկու փուլ ընդունել ենք: Եթե Մայիսի 25-ին ընտրությունները (Ուկրաինայում) տեղի չունենան, մենք կանցնենք նոր փուլի»,- ասել է նախարարը:
«Մենք չենք պատերազմում Ռուսաստանի հետ: Դա անիմաստ կլիներ, բայց մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել»,- նշել է Ֆաբիուսը:
Խոսելով Ուկրաինայում իրավիճակի մասին՝ նա ասել է. «Դա առայժմ քաղաքացիական պատերազմ չէ, բայց արդեն մոտ է դրան»:
«Երբ արևելքում բախումները տեղի են ունենում ամեն օր, պատերազմի իրական ռիսկ կա: Սակայն մեր նպատակն է իրավիճակի թեթևացումը»,- ասել է Ֆաբիուսը:
ԱՄՆ-ը և ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ են սահմանել ՌԴ նախագահի շրջապատից շատ մարդկանց և նրանց ենթակա ընկերությունների նկատմամբ:
Երրորդ փուլը ենթադրում է տնտեսական պատժամիջոցներ ռուսական տնտեսության էներգետիկ և ռազմական-արտադրական ոլորտների նկատմամբ:








































