Երեկ Ստամբուլում ավարտվել է սիրիական ընդդիմության եռօրյա կոնֆերանսը: Սա Բաշար Ասադի հակառակորդների արդեն երրորդ հանդիպումն է` Դամասկոսի դեմ պայքարի ռազմավարություն մշակելու համար: Մինչ այժմ նրանք չեն կարողացել միավորվել, փորձագետների կարծիքով` դա նրանց այս անգամ էլ չի հաջողվի: Սա հարուցում է ընդդիմությանն աջակցող երկրների` ԱՄՆ-ի, Թուրքիայի, Պարսից ծոցի երկրների և ԵՄ երկրների դժգոհությունը:
Հանդիպումը կազմակերպել էր Սիրիայի հարցով ռազմավարական և քաղաքական հետազոտությունների կենտրոնը (SCPSS): Նպատակն այսպես էր ձևակերպված. «Անցումային կառավարություն ստեղծել վարչակարգի անկումից հետո»:
Սիրիական ընդդիմության համար կարևորագույն հարցերից է քուրդ փոքրամասնության դիրքորոշումը (երկրի բնակչության մոտ 10%-ը):
Հիշեցնենք` անցյալ շաբաթ բախվել էին «Դեմոկրատական միություն» կուսակցության քրդերն ու Սիրիական ազատ բանակի ջոկատները:
Սիրիական ճգնաժամի ելքը մեծապես կախված է նրանից, թե Դամասկոսը որքանով կկարողանա տեղի ունեցածն օգտագործել իր օգտին:








































