Իրանը պատրաստ է միջազգային բանակցորդների «վեցյակի» հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների և սպասում է իրադրության կարգավորման իր առաջարկների վերաբերյալ խմբի պատասխանին: Առաջարկները ներկայացվել էին Մոսկվայում դեռևս հունիսին կայացած բանակցությունների ժամանակ,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Թեհրանի հետ «վեցյակի» բանակցությունների այս տարի թվով երրորդ և վերջին ռաունդում, որը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի 18-19-ը, մասնակիցները պայմանավորվել են երկխոսության շարունակման շուրջ:
Մոսկովյան ռաունդին նախորդել է ստամբուլյանը (ապրիլի 14) և բաղդադյանը (մայիս 23-24): Բոլոր այդ բանակցություններն ավարտվել են առանց որևէ վճռական որոշման: Մինչ այդ կողմերի միջև բանակցություններ չէին անցկացվել ավելի քան 1 տարի:
«Իրանական միջուկային ծրագրի հարցի կարգավորման համար պարզ ճանապարհ կա՝ լիովին ճանաչել միջուկային էներգետիկայի տիրապետման Իրանի իրավունքը: Մեր առաջարկները փոխանցվել են «վեցյակի» երկրներին Մոսկվայում հանդիպման ժամանակ: «Վեցյակի» ներկայացուցիչները Իրանի առաջարկները գնահատել են կառուցողական, սակայն ասել են, որ պատասխանի համար ժամանակ է հարկավոր: Արդեն մի քանի ամիս է անցել, և մենք կարծում ենք, որ արդեն պատասխան տալու ժամանակն է»,-ասել է Մեհմանպարաստը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:











































