Մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն Աժ-ում իր անկախ լինելու և՛ դրական հետևանք է տեսնում, և՛ բացասական: Դրական է համարում այն, որ, օրինակ, նախընտրական քարոզարշավի ժամանակ իրեն ուղղված մեղադրանքներ չկային, վատ է այն, որ թիմային աշխատանքում ներգրավված չէ: Ուստի տարբեր հարցերի շուրջ տարբեր խմբակցությունների հետ է համագործակցում: Օրինակ, որպեսզի իր մշակած օրենսդրական փոփոխությունն անցնի, համագործակցում է ՀՀԿ-ի հետ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում պատգամավորը նշել է, որ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ինքը փորձում է բացատրել, որ փողատեր պատգամավորներից չէ և հարցերը կարող է լուծել օրենքի ճանապարհներով:
«Մարդ ինչ ճանապարհով ընտրվում է, դրանից հետո էլ նման ակնկալիքներ են լինում նրանից: Ես քանի որ չեմ ընտրվել փող բաժանլով կամ ասֆալտ անելով, դրա համար էլ ինձ են դիմում իրավական հարցերով, անարդարություններից դժգոհելով: Ընտրողը գիտի, թե որ հարցերով ում դիմի: Օրինակ, մի կին մոտեցավ և խնդրեց աղջկա ուսման վարձը վճարեմ, ես ասացի, որ ես փող չունեմ, աշխատավարձով ապրող պատգամավոր եմ»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ բարեգործության կամ փող բաժանելու ճանապարհով ընտրողներին սովորեցրել են, թե պատգամավորի անելիքը հենց դա է:
Պատգամավորն անգամ ԱԺ-ում հարց է բարձրացրել, որ ընտրողի հետ հանդիպումներ կազմակերպելու համար պետբյուջեից գումարներ հատկացվեն:
Խոսելով եկող տարվա պետբյուջեի նախագծի մասին, պատգամավորը նշել է, որ իր տպավորություններով՝ այս պետբյուջեով փորձ է արվում նախորդ տարվա մոտեցումները պահպանել, գոնե չնվազեցնել. «Որպես առաջին անգամ բուջեն ուսումնասիրող մարդ, ինձ համար խնդիրներ են առաջանում՝ պետական ապարատի ծախսերի հետ կապված: Բյուջեի քննարկումը պետք է բերվի բովանդակային դաշտ, և նման քննարկում անել, օրինակ, որ պետական ապարատներում փոփոխություներ են արվել և ավելացումներ, ինչի՞ հաշվին, ո՞րն է արդյունավետությունը»:
Պատգամավորը նշել է, որ իր նախընտրական ծրագրում եղել է մոնոպոլիայի դեմ պայքարում օրենսդրական նախագիծ ներկայացնելու դրույթ, և այժմ ուսումնասիրում է դաշտը` նախագիծը պատրաստելու համար: Պատգամավորը խոստացել է կաշկանդված չլինել, մոնիտորինգի ենթարկել բյուջեն և փորձել հասնել նրան, որ կառավարությունը կատարի խոստումները: Իսկ եթե տեսնի, որ կառավարության խոսքն ու գործը չի համընկնում, հարցը բարձրացնելու է խորհրդարանում:










































