Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանը սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակել է ԲՀԿ-ական Գաբրիել Ղազարյանին: Ինչպես հայտնի է, Ղազարյանը մինչ նշանակումը զբաղեցնում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետի պաշտոնը:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս նշանակմանն, ասաց, որ իր դիտարկմամբ՝ լուռ համաձայնություն է եղել առ այն, որ սպորտի բնագավառը կառավարությունում կհամակարգի այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որի ղեկավարը սպորտի բնագառավը համակարգում է ամբողջ Հայաստանում:
«Բարձր մակարդակով համաձայնություն է եղել, համաձայանության գալիս են ոչ թե միջին կարգի գործիչները, այլ ղեկավարները՝ տվյալ դեպքում վարչապետն ու ԲՀԿ ղեկավարը: Ամենայն հավանակությամբ, այդպիսի համաձայնություն է եղել, առանց դրա դժվար թե նման նշանակում լիներ»:
Մեր այն հարցին, թե այս նշանակմամբ, ինչպես նաև ԱԺ նախագահի ընտրություններով արդյո՞ք չի պատռվում ԲՀԿ-ի ընդդիմադիր դիմակը, Բադալյանն ասաց․ «ԲՀԿ–ն իրեն միշտ այլընտրանք է համարել և ոչ ընդդիմադիր: Մեր աչքի առաջ է այն, թե ինչ տեղի ուենցավ ՕԵԿ նախարարների հետ, երբ ՕԵԿ-ն իրեն հայտարարեց ընդդիմություն: Բոլոր նախարարները միանգամից դուրս եկան այդ կուսակցությունից:
Հաշվի առնելով, որ ԲՀԿ գործարար թևի պատգամավորների մենթալիտետն այնքան էլ չի տարբերվում ՀՀԿ գործարար թևի մենթալիտետից, ինչպես նաև ՕԵԿ պետական գործիչների մենթալիտետից, մեկ անգամ ևս պարզ է դառնում, թե ինչու ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի համարում»,-ասաց Բադալյանը:
Նրա դիտարկմամբ՝ եթե ԲՀԿ-ն նման բան հայտարարի, կունենա մեծ արտահոսք այդ խմբակցությունից․ «Իսկ հիմա այլընտրանք է՝ դա թույլ է տալիս երբեմն քննադատել իշխանություններին, իսկ երբ պետք է իշխանություններին «կողմ» քվեարկել՝ այդպես էլ վարվում են: Ճիշտ է, ԱԺ-ն վերածվել է գյուղի կլուբի և նրա նախագահի ընտրությունն այդքան էական չէ, ամեն դեպքում քվեարկությունից դա մեկ անգամ ևս փաստվեց»:
Փորձագետի խոսքերով՝ էական է, թե կառավարության ծրագրին ինչպես կքվեարկի այդ կուսակցությունը․ «ԲՀԿ-ում կա երկու թև՝ քաղաքական և գործարար և միշտ չէ, որ այդ երկու թևերի միջև շահերի համընկնում է տեղի ունենում՝ դա վերաբերում է հենց ԱԺ խմբակցությանը:
Հիմա եթե գործարար թևը «կողմ» քվեարկի կառավարության ծրագրին, ապա պետք է ասել, որ ԲՀԿ-ն կուսակցաշինարարության բնագավառում լուրջ անելիքներ ունի, որովհետև անհստակեցումը տանում է քաղաքական ուժի կշռի թուլացմանը և նրա իմիջին բավականին լուրջ հարված է հասցնում:
Ասենք, թե Հանրապետականը ներկայանցում է կառավարության ծրագիրը, ԲՀԿ-ն չի մասնակցում քվեարկությանը, ապա ՀՀԿ-ն կարող է 70 ձայն հավաքել և անցկացնել, բայց ընդունենք՝ չի հաջողվում ծրագիրը հաստատել այս կամ այն պատճառով երկու անգամ, մեկը հիվանդ է կամ գործուղման, ուրմեն արտահերթ ընտրություններ են լինում: Մենք արդյո՞ք վստահ ենք, որ արդար, ազնիվ ընտրություններ կլինեն, և ԱԺ-ն կունենա այն պատկերը, որ այսօր կա հասարակությունում, կասկածում եմ»:
Բադալյանն ավելացրեց, որ եթե անգամ ՀՀԿ-ն ծրագիրը չկարողացավ էլ անցկացնի, մյուս կազմը շատ քիչ կփոխվի և ոչ հօգուտ ոչ իշխանական ուժերի:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































