Գեղարքունիքի մարզում սիբիրախտի տարածումը դադարել է, հիվանդության ախտանիշներով 37 քաղաքացիները արդեն լավ են և աստիճանաբար դուրս են գրվում հիվանդանոցից, սակայն Վարդենիսի 3 համայնքներում կարանտինը շարունակվում է: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Ըստ նրա՝ հիվանդության սկզբնաղբյուրը եղել է Ծովակ համայնքը: Մարզպետը նշեց, որ այն ադրբեջանական սահմանին մոտ չէ, և բացառեց դիվերսիան:
Մարզպետի խոսքով՝ առայժմ վնասի գնահատման և փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող, քանի որ միջոցառումները դեռ շարունակվում են: Նա նշեց, որ հարուցվել է քրեական գործ, վարույթը շարունակվում է, և միայն դրա ավարտից հետո հնարավոր կլինի խոսել հիվանդության առաջացման պատճառների մասին:











































