Առաջիկայում մեր սրճասեր հասարակությունը, շատ հավանական է, նոր թանկացումների առաջ կանգնի, քանի որ սուրճի համաշխարհային առաջարկը կարող է կրճատվել, ինչը կարող է հանգեցնել գների բարձրացմանը: Ավելին, Հնդկաստանը կանխատեսում է մատակարարումների ուշացում` կապված երկարատեւ անձրեւների հետ, իսկ Վիետնամում սպասվում է բերքի կրճատում: Թեեւ համաշխարհային շուկայում սպասվելիք թանկացումները 50-50 տոկոս են: Սակայն չի բացառվում, որ մեր տնտեսվարողների համար վերը նշված հանգամանքը առիթ հանդիսանա, որ նրանք, համաշխարհային շուկայից առաջ անցնելով, սուրճի գները թանկացնեն: Մեր խանութներում այսօրվա դրությամբ սուրճը վաճառվում է նույն գներով: Մենք զրուցեցինք տնտեսական մրցակցության պաշպանության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանի հետ` պարզելու համար, թե որքանով է վերահսկվում սուրճի շուկան անհարկի թնակացումներից: «Դա կախված է միջազգային շուկայից, իսկ այնտեղ դեռ սուրճի գինը չի փոխվել, եւ շատ հավանական է, որ փոփոխության չենթարկվի»,- նշեց մամուլի քարտուղարը եւ ավելացրեց, որ մինչեւ մեզ մոտ գները չթանկանան, իրենք չեն կարող վերահսկողություն իրականացնել: