Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին մասնակցել է PublicDialogues ռեսուրսի կազմակերպած մամլո ասուլիսին, որն անցկացվել է «Տարածաշրջան» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծի շրջանակներում:
Զաքարեիշվիլին կտրականապես հերքել է, որ վիրահայերը իշխանությունների դրդմամբ ենթարկվում են թուրք-ադրբեջանական տարրերի ճնշմանը. «Դա բացառված է, և այդպես չէ: Չեմ կարծում, թե Ջավախքում չեն կարողանում խոսել իրենց մայրենի լեզվով: Ճիշտ հակառակը՝ Ջավախքի հայերը և Կվեմո Քարթլիի ադրբեջանցիներն ավելի լավ խոսում են իրենց մայրենի, քան՝ պետական լեզվով:
Ջավախքում ավելի քաջատեղյակ են Հայաստանի, քան՝ Վրաստանի պատմությանը: Ջավախահայհերի խնդիրները պայմանավորված են Վրաստանի համապետական կառույցներում նրանց թույլ ինտեգրմամբ: Ավանդաբար ազգային փոքրամասնությունները քվեարկել են իշխանությունների օգտին:
Եթե դիտարկենք Ջավախքում ու Կվեմո Քարթլիում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ապա այնտեղ հաղթել են «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները: Այսինքն, այդ ֆենոմենն այսօր էլ է իրեն զգացնել տալիս: Սակայն նախկինում չէր եղել այսպես, որ ընդդիմությունն այդ շրջաններում ստանար այդչափ շատ քվեներ:
Ե՛վ հայերը, և՛ ադրբեջանցիները հավատացել են ընդդիմության ուժին և իրենց քվեները տվել են նրան: Մենք գոհ ենք, որ ազատության ու ժողովրդավարության քամին ներթափանցել է նաև այդ շրջաններ: Հուսով եմ, որ հաջորդ ընտրությունների ժամանակ այդ շրջանների բնակիչները նույնպես կգիտակցեն, որ իրենց ճակատագիրը գտնվում է իրենց իսկ ձեռքերում:
Վստահ եմ, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո վիրահայերը կունենան նույնպիսի պայմաններ, ինչպիսիք որ ունեն երկրի մյուս շրջանների բնակիչները: Մենք պետք է կառուցենք այնպիսի պետություն, որում մարդիկ իրենց այլ կերպ չեն զգա՝ իրենց ազգանվան, կրոնի կամ ինքնության պատճառով»:











































