Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ ուղերձով՝ նշելով, որ 1915 թվականի դեպքերը մեր բոլորի ընդհանուր ցավն են: Նա նաև 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի թոռներին ցավակցություն հայտնեց և այլն։
Օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սրբազանը նշեց. «Դրական ենք գնահատում իր ուղերձը, որով նախևառաջ՝ պարզապես հայ ժողովրդի ցավն էր կիսում և ձիթենու ճյուղ մեկնում, որպեսզի լուծվեն այս հարցերը: Երկրորդ՝ սա երկու պետությունների հարցն է, և մենք պետք է քով քովի գանք, և միջին ճամփան գտնվի: Մեր պարագայում մենք, իբրև պատրիարքություն, մեր համայնքի համար ենք աշխատում և աշխատում ենք լավագույնս անել՝ ի նպաստ մեր համայնքի հաստատությունների»,- ասաց Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Թուրքիայի իշխանությունը հայկական սփյուռքից, սրբազանը շտապեց նշել, որ այդ մասին հանդիպման ընթացքում չեն խոսել. «Ադոնք մեր խոսելիք նյութերը չեն, այլ Հայաստանի պետության»:
Հարցին՝ Էրդողանի հայտարարությունը ի՞նչ կփոխի հետագա հարաբերություններում, սրբազանը նկատեց, որ վարչապետն առաջին անգամ է, որ նման ցավակցություն է արտահայտում, կիսում մեր ցավերը, և քանի որ առաջին անգամ է նման քայլ արվում, ուրեմն մենք էլ ըստ այդմ վարվենք և մոտենանք, ինչպես բոլոր երկրները, որոնք գնահատանքով ընդունեցին վարչապետի այս քայլը:
Նրա խոսքով՝ համայնքի մեծամասնությունը այս հայտարարությունը ողջունել է:
«Անշուշտ, ամեն համայնքում, ամեն ժողովրդի մեջ էլ չկամեցողներ կան, թրքական կողմից էլ դեմ եղողներ կան, բայց ընդհանուր առմամբ մեծամասնությունը գնահատանքով են մոտեցել և կուզեն, որ այս քայլերը կատարվեն՝ հաշտության համար»,- ասաց Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Արդյոք այս քայլերը Էրդողանի կողմից 2015-ին ընդառաջ քայլեր չէի՞ն, նա նշեց, որ ոչ մի մեկնաբանություն չի կարող անել, դա երկու պետությունների գործն է. «Ես ինչ էլ արտահայտվեմ, սխալ կլինի, իմ խոսքին կամ քո խոսքին ծափահարողներ էլ կլինեն, հարձակվողներ էլ, լավագույնը հետևյալն է՝ լռել և չխոսել այդ մասին և թողնել երկու պետություններն իրենց մեջ լուծեն խնդիրը»:
Այսինքն՝ այս խնդիրը երկու պետությունների միջև լուծվող խնդիր է, և աշխարհն է՞լ չպետք է խառնվի, սրբազանը նկատեց. «Մենք, որպես Թուրքիայի համայնք, շատ մեծ տեղ չունենք Թուրքիայի մեջ, մեր ցավերը և գաղափարները կարտահայտենք, բայց լուծումը մեր ձեռքը չէ»: Նա հավելեց, որ թե՛ թուրք հասարակությունը, թե՛ ազգային փոքրամասնությունները բարձր գնահատեցին Էրդողանի այդ հայտարարությունը:
Ըստ նրա՝ սա հայ-թուրքական հարաբերություններում առաջին քայլն է և չպետք է այն անտեսել:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հանդիպմանը քննարկվել են համայնքային խնդիրներ, մասնավորապես՝ կալվածքների հարցերը, իսկ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված որևէ հարց չեն քննարկել, խոստումներ էլ չեն հնչել:
Հետաքրքրվեցինք՝ Թուրքիայի նախագահական ընտրություններին հայ համայնքը որքանո՞վ կաջակցի Էրդողանին: Նա հայտնեց, որ իրենք ոչ մի կապ չունեն ընտրությունների հետ, իսկ Էրդողանի՝ նախագահ դառնալու դեպքում էլ հայ-թուրքական հարաբերությունների վրա այն ոչ դրական, ոչ էլ բացասական ազդեցություն կունենա:







































