Ավերիչ «Սենդի» փոթորիկը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի տնտեսության աճի վրա, քանի որ այն կաթվածահար է արել ԱՄՆ-ի արևելյան ափի արտադրական հզորությունները:
«Փոթորիկը կարող է հանգեցնել չորրորդ եռամսյակում 25 միլիարդ դոլարի արտադրական կորուստների»,- կարծում է IHS Global Insight ընկերության տնտեսագետ Գրեգորի Դակոն:
Միևնույն ժամանակ նա նշում է, որ երկարաժամկետ հեռանկարում փոթորիկը դժվար թե վնաս հասցնի ԱՄՆ տնտեսությանը, քանի որ կորուստները կփոխհատուցվեն վերանորոգման և շինարարական աշխատանքների ծավալի կտրուկ աճի տնտեսական էֆեկտով: Այս մասին հայտնում է Вести Экономика-ն:
«Կարճաժամկետ հարվածը կարող է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ-ի տնտեսական աճը կրճատել 0.6 տոկոսով»,- նշում է Դակոն:
Այդպես են կարծում նաև ճապոնական Nomura բանկի տնտեսագետները, ըստ որոնց` երբ փոթորկի ուժը թուլանա, կակտիվանա շինարարական ոլորտը, ինչը միջնաժամկետ հեռանկարում կարող է լուրջ խթան հանդիսանալ ՀՆԱ-ի աճի համար: Նրանց հաշվարկներով՝ փոթորկի հասցրած վնասի ընդհանուր չափը կարող է կազմել է 100 միլիարդ դոլար, որից 87 միլիարդը բաժին է ընկնում անշարժ գույքին: Նման բարձր թիվը պայմանավորված է Նյու Յորքի տարածքում անշարժ գույքի բարձր գներով:
Հասցրած վնասի չափով «Սենդին» համեմատելի է «Քեթրինի» հետ (108 մլրդ դոլար):
Իսկ ահա Kinetic Analysis Corp. ընկերության վերլուծաբանների հաշվարկներով՝ փոթորկի վնասը կարող է հասնել 20 միլիարդ դոլարի, որից 7-8 միլիարդը ապահովագրական ծախսերն են, իսկ մնացածը կծախսվի Նյու Յորքի մետրոյի և այլ ենթակառուցվածքների վերականգնման վրա:









































