Մաքսային միության երկրներում տեղի ունեցողի նկատմամբ Հայաստանում ուշադրությունը բավական մեծ է հատկապես լրատվամիջոցների կողմից, և դա բնական է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Մտավախություն կա, որ վատ վարքերը կարող են տեղափոխվել մեր երկիր: Այն, որ բլոգը լրատվամիջոց է, դա նորություն չէ, անցած տարի ես առիթ եմ ունեցել հանդիպելու արտասահմանից մի բլոգերի հետ, ով 25 000 աուդիտորիա ուներ, քննարկումներ էր ծավալում իր այդ լսարանում, այնպես որ` եթե բլոգը ՌԴ-ում հավասարեցվում է ԶԼՄ-ին, Հայաստանում օրենսդրությունը թույլ է տալիս բլոգը համարել լրատվամիջոց»,- ասաց նա` հավելելով, որ ամբողջ խնդիրն այն է, թե որքանով է ինքը` բլոգերն, իրեն համարում լրատվամիջոց, և եթե այդպես է` որքանով է հետևելու Զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքին, պրոֆեսիոնալ ինքնակարգավորման նորմերին, և որքանով է տվյալ բլոգի լսարանն ընկալում այդ բլոգը որպես ԶԼՄ:
Մելիքյանի խոսքով` տարբեր ընկալումներ կարող են լինել, բայց որ բլոգը կարող է լրատվամիջոց լինել, դա միանշանակ է, այլ հարց է, որ կան բլոգերներ, ովքեր իրենց բլոգը շատ սահմանափակ միջավայրի համար են ստեղծում. նրանք կարող են ԶԼՄ չհամարվել, փոքր լսարանի կամ ուշ թարմացնելու համար չհամապատասխանել պահանջներին, այնպես որ չի կարծում` Ռուսաստանում մեծ նորամուծություն է:
«Դրանով, ես ենթադրում եմ, ռուսական իշխանությունները փորձել են բլոգերների վրա այնպիսի ազդեցություն և պատասխանատվություն դնել, ինչպիսին ԶԼՄ-ների վրա, իսկ դրանց վրա մենք գիտենք, որ «Ռոսկոմնադզոր»-ն իր ազդեցությունը թողել է և որոշումներ կայացնելու հնարավորություն ունի, և այդ որոշումների հիման վրա մի շարք ԶԼՄ-ների գործունեությունը կասեցվել է»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:









































