ՌԴ Քննչական կոմիտեն բացահայտել է մոսկովյան երկու բուհերի դասախոսների ինքնությունը, որոնք ձերբակալվել էին խոշոր չափի կաշառք վերցնելիս: Այս մասին տեղեկացնում է RBC-ն:
Դասախոսներից մեկը Մոսկվայի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկի ուսումնական աշխատանքների գծով փոխդեկան Միխայիլ Բաշարատյանն է, մյուսը` Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի փիլիսոփայության ու քաղաքագիտության ամբիոնի վարիչ Վիկտոր Բարիսը:
Ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը, նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՌԴ Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (մի խումբ մարդկանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի կաշառք վերցնելը):
«Հետաքննության վարկածի համաձայն՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կասկածյալները երիտասարդ մարդուց պահանջել էին 30 հազար եվրոյի չափով կաշառք՝ Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի ասպիրանտուրա ընդունվելու, այնտեղ բարեհաջող կերպով սովորելու ու Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու համար»,- հաղորդել են գերատեսչությունից:
Երիտասարդն այս մասին տեղեկացրել էր իրավապահներին, որոնք էլ ձերբակալել են նրանց:
Հոկտեմբերի 30-ին դասախոսները ձերբակալվել էին 1 մլն ռուբլի կաշառք վերցնելու պահին:
Մոտ ժամանակներս կորոշվի նրանց նկատմամբ կալանք սահմանելու հարցը` հայտնել են Քննչական ծառայությունից:
Ներկայում գործի քննությունը շարունակվում է:










































