Մեծ Բրիտանիան հրաժարվում է քամու նոր էլեկտրակայանների շինարարությունից՝ Daily Mail-ի հետ հարցազրույցում հայտարարել է էներգետիկայի նախարար Ջոն Հեյսը:
«Ամեն ինչ սահման ունի,- հայտարարել է Հեյսը,- մենք չենք կարող շարունակել բնակիչներին հարկադրել այդ տուրբինները»: Նախարարի խոսքով՝ նախկինում քամու էլեկտրակայանների շինարարության ժամանակ իշխանությունները չեն խորհրդակցել տեղի բնակիչների հետ, որոնք հաճախ են հանդես եկել դրանց դեմ՝ աղմուկի և էկոլոգիական աղտոտվածության պատճառով:
Բանն այն է, որ նման օբյեկտները թեև ավելի քիչ վտանգավոր են, քան էներգիայի ավանդական աղբյուրները, սակայն ազդում են հարակից տարածքների վրա:
Այսպես. աղմուկը հանգեցնում է անշարժ գույքի գների անկման, տուրբինների առաջացրած տատանումները խաթարում են օդի շրջապտույտի սեզոնային ցիկլերը: Դա վատթարացնում է տարածաշրջանի էկոլոգիական վիճակը և վնասում գյուղատնտեսությանը:
Ավելի վաղ էներգետիկայի նախարարությունը ծրագրել էր մինչև 2020 թվականը ցամաքում քամու էլեկտրակայանների թվաքանակը հասցնել 6000-ի, իսկ ծովային շելֆում՝ 7000-ի՝ այդպիսով նրանց կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը դարձնելով 30 տոկոս: Հեյսի կարծիքով՝ նոր ցամաքային կայանների շինարարության վրա պետք է մորատորիում սահմանել՝ սառեցնելով շինարարության պլանները:
Նախարարի այդ քայլը պայմանավորված է նրանով, որ նա սպասում է գիտնականների կողմից իր խնդրանքով անցկացվող հետազոտությունների ու թեստերի արդյունքներին: