ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2013թ. բյուջեի քննարկման ժամանակ նկատեց, որ արդեն որերորդ տարին է` մասնակցում է բյուջեի նախագծերի քննարկումներին և համոզվել է, որ աշխատավարձերի մասին բարձրաձայնելը զուր է, մեկ է՝ դրանք չեն փոխվում:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե 2013թ. բյուջեի ելքային արդյունքում որքա՞ն հավելյալ աշխատատեղեր ենք ունենալու, թե՞ այն չի նպաստում աշխատատեղերի ստեղծմանը, կենսամակարդակի որքա՞ն անկում է սպասվում: Երբ ԿԲ-ում աշխատավարձի աճը 11% է կազմում, պետական համակարգում գոնե նախատեսվո՞ւմ է միջին բարձրացում ապահովել: Միաժամանակ Ա. Մինասյանը նկատեց, որ ԱԺ-ն ունի մեքենաների թարմացման կարիք. հարցը հնարավո՞ր է լուծել, թե՞ ոչ:
«Քանի որ այսօր պետապարատի հարցն ենք քննարկում, այստեղ ստեղծվում է 222 նոր աշխատատեղ»,- պատասխանեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Հայտնելով, որ ընդհանուր պետապարատի կողմից անցած տարի 992 մեքենա էր շահագործվում, իսկ հաջորդ տարի դրանք կկրճատվեն մինչև 990, Պ. Սաֆարյանը նշեց, որ ԱԺ մեքենաների թարմացման հարցը կարելի է տեղափոխել հաջորդ տարի:











































