Այն բանից հետո, ինչ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավարը զգուշավոր մտահոգություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանի սեփականությանն ու կապիտալին սպառնացող վտանգի կապակցությամբ, Քոչարյանը որևէ կերպ չի արձագանքել: Մինչդեռ սա այն դեպքն է, երբ լռությունը կարծես թե ինչ-որ առումով նաև համաձայնության նշան է: Համաձայնության նշան է այն տեսանկյունից, որ եթե Ռոբերտ Քոչարյանը չի արձագանքում ՀԱԿ-ի հայտնի մտահոգությանը, ապա սրանով, ըստ էության, փաստորեն հաստատում է, որ Սերժ Սարգսյանն իսկապես սպառնում է իր սեփականությանն ու կապիտալին և նախագահական ընտրություններից հետո դրանք կարող են այլևս իրենը չլինել, գոնե ինչ-որ մասով:
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի լռությունը առնվազն նշանակելու է կիսով չափ համաձայնություն ՀԱԿ-ի հետ: Եվ եթե Քոչարյանը համաձայն չէ, որ Սերժ Սարգսյանն իր ունեցվածքին սպառնում է, ապա պետք է անպայմանորեն որևէ կերպ արձագանքի ՀԱԿ-ին: Առավել ևս, որ չարձագանքելու և այդպիսով առնվազն կիսահամաձայնություն տալու պարագայում Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ առումով նաև Սերժ Սարգսյանի մարտահրավերների դեմ իր անզորության մասին է ակամայից վկայելու, առաջին հերթին իշխանական համակարգի այն սեգմենտներին, որոնց աջակցության վրա է կառուցում նաև իր քաղաքական պլանների մի որոշ մասը:
Սակայն, մյուս կողմից, իրավիճակը բավական նուրբ է` այն իմաստով, որ Քոչարյանն, ըստ ամենայնի, բացարձակապես չունի ՀԱԿ-ի պաշտպանության կամ մտահոգության կարիքը, իսկ եթե որևէ կերպ արտահայտվի այդ կապակցությամբ, ապա կարող է տապալել ՀԱԿ-ի հետ ԲՀԿ խաղերը, որոնց անուղղակի մասնակիցներից մեկն էլ ինքն է: ՀԱԿ-ը իր մտահոգությամբ իսկապես ծանր դրության մեջ դրեց Քոչարյանին` փորձելով երևի թե մի քիչ հավասարեցնել իրենց դիրքերը, քանի որ այստեղ Քոչարյանի առավելությունն ակնհայտ է, և նա ըստ էության լռելով, կարողացավ հասնել այն բանին, որ ՀԱԿ-ն այսօր առանց ԲՀԿ-ի ոչինչ է:
Հիմա, սակայն, Ռոբերտ Քոչարյանը կամ այդ ամենի մի մասը կարող է ջուրը գցել, կամ էլ պետք է կամա, թե ակամա խոստովանի, որ ինչ-որ չափով ունի ՀԱԿ-ի աջակցության կարիքն ու ընդունում է այն: Ռոբերտ Քոչարյանը հավանաբար չի կողմնորոշվում այս իրավիճակում, իսկ Սիմբայի վարքագիծն էլ, ըստ երևույթին, նրան որևէ բան առայժմ չի հիշեցնում և գաղափար չի տալիս ՀԱԿ-ին արձագանքելու համար:







































