ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեյն Պսակին անհանգստություն է հայտնել Իրանի և Ռուսաստանի միջև պատրաստվող էներգետիկ համաձայնության մասին տեղեկության վերաբերյալ, հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ներին:
«Եթե Իրանի և Ռուսաստանի միջև պատրաստվող էներգետիկ համաձայնության մասին տեղեկությունը ճիշտ է, դա լուրջ խնդիր կառաջացնի ԱՄՆ կառավարության համար»,- ասել է նա:
Պետդեպի այս անհանգստությունը կապված է Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարներ Համիդ Չիթչիանի և Ալեքսանդր Նովակի հանդիպման հետ, որը տեղի է ունեցել անցած կիրակի Թեհրանում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրանի էլեկտրակայանների և էլեկտրափոխանցման լարերի արդիականացման հարցերը: Կողմերը մտադիր են Ադրբեջանի տարածքով միացնել Իրանի և Ռուսաստանի էներգացանցերը: Երբ 3 երկրների էլեկտրական ցանցերը միացվեն, Ռուսաստանը հնարավորություն կստանա էլեկտրաէներգիա արտահանել Իրան:
Իրենց հերթին, պետդեպում հայտարարել են, որ տեղյակ չեն Ռուսաստանի և Իրանի միջև որևէ էներգետիկ համաձայնության մասին, բայց անհանգստություն են հայտնել նման տեղեկության ի հայտ գալով:
Ռուսաստանի էլեկտրացանցի հետ իր էլեկտրացանցը միացնելու Իրանի պատրաստակամությունը հաստատել է նաև Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Բեհզադը, որը Mehr գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ այդ հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ավարտական փուլում են:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նատիկ Աբասովը նշել է, որ Ադրբեջանի էնեգահամակարգը պատրաստ է Իրանի և Ռուսաստանի էնեգահամակարգերի միավորման համար՝ նշելով, որ Ադրբեջանը հույս ունի զգալի դիվիդենտներ ստանալ իր տարածքով էլեկտրաէներգիայի փոխադրման համար:
ԱՄՆ-ը մտահոգված է, որ այդ համաձայնությունը կթուլացնի Իրանի նկատմամբ սահմանված էներգետիկ պատժամիջոցները, նշում է haqqin.az-ը:









































