Պերուն հետաքրքրություն է դրսևորում Մաքսային միության հետ ավելի սերտ կապերի հաստատման նկատմամբ: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պերուի արտգործնախարար Էդա Ռիվասի հետ բանակցությունների արդյունքներով:
«Պերուի մեր գործընկերները հետաքրքրություն են դրսևորում Մաքսային միության հետ ավելի սերտ կապերի հաստատման նկատմամբ՝ ընդհուպ մինչև ազատ առևտրի մասին պայմանավորվածություններ,- ասել է Լավրովը:- Կարծում եմ, որ կապերի զարգացմանը զուգահեռ՝ կանցնենք նաև այդ հարցերի քննարկման»:
Լավրովը պերուացի գործընկերոջը հրավիրել է Մոսկվա՝ նրան հարմար ցանկացած ժամանակ:
«Ակնկալում ենք շարունակել շփումները»,- հավելել է նա:
Լավրովի խոսքով՝ բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Նա նշել է, որ այս տարի Մոսկվայում կպատրաստեն երկու երկրների միջև գործող առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հանդիպումը:







































