Կարեն Աղամյանը դժգոհում է, որ իր ղեկավարած կազմակերպությունը ոչ թե Հայաստանի նկարիչների միություն է, ինչպես որ ընդունված է ասել, այլ Հայաստանի նկարիչների միավորում ՀԿ: Միավորման 80 ամյակի առթիվ հրավիրվելով «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման տաղավար՝ նկարիչն առանձնացրել է իրենց միավորման կարևորությունը. «Հայաստանում կա 4000-ից ավելի ՀԿ, որոնցից մեկն ենք. մեզ չի գոհացնում այս կարգավիճակը: Թիթեռնիկ սիրող ընկերությունը այնքան կարևոր չէ մեր պետության համար, որքան մշակութային միությունը»:
Կարեն Աղամյանը, համեմատելով նկարիչների միության հնարավորություններն ու ազդեցությունը խորհրդային տարիներին և այսօր, նշել է, որ պետական աջակցության առումով՝ վիճակը մխիթարական չէ, իսկ ցուցահանդեսների առումով՝ շատ գոհ են. շաբաթը մեկ ցուցահանդես է կազմակերպվում:
«Նկարիչների միավորումը պետությունից աջակցություն չի ստանում, և որպեսզի գոյատևենք, մենք ունենք վարձակալման հանձնված սենյակներ: Չորս տարի առաջ վարչությունը որոշեց, որ այդպես ևս անհնար է գոյատևել, և որոշվեց, որ նկարիչները անհատական ցուցահանդեսի ժամանակ դահլիճի վարձը տան»,- ասել է Կարեն Աղամյանը:
Միավորման ղեկավարի խոսքերով՝ իրենց մոտ պայմանները հավասար են բոլորի համար: Միավորումը լքելու ցանկություն դեռ ոչ ոք չի հայտնել, վարչության կողմից հեռացվել է մեկ նկարիչ, ով կանոնադրական խախտումներ էր թույլ տվել, այժմ էլ դատարանի միջոցով փորձում է վերականգնվել:
Կ. Աղամյանը նաև նշել է, որ իրենց միավորման անդամ դառնալն այնքան էլ հեշտ չէ. այս տարի, օրինակ, 60 դիմումատուից կեսին մերժել են: Պահանջվում է մասնագիտական կրթություն, երեք ցուցահանդեսի կազմակերպում նկարիչների միությունում: Իհարկե, լինում են նաև դեպքեր, երբ միավորման անդամ է դառնում անձ, որը դեռ չի վաստակել այդ իրավունքը:
Լուսանկարը՝ Bravo.am-ի










































