«Ամերիաբանկի» ակտիվներն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում աճել են շուրջ 8%-ով և 31.03.2014թ. դրությամբ կազմել 339 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «Ամերիաբանկի» տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:
Բանկի ակտիվներն աճել են այն պարագայում, երբ ընդհանուր բանկային համակարգում ակտիվների փոքր-ինչ նվազում է նկատվել: Բանկային համակարգում նվազում է նկատվել նաև պարտավորությունների գծով, այն դեպքում, երբ «Ամերիաբանկի» պարտավորություններն աճել են 9%-ով՝ կազմելով ավելի քան 300 միլիարդ դրամ:
Հաճախորդների նկատմամբ բանկի ունեցած պարտավորություններն աճել են 25%-ով և կազմել ավելի քան 212 միլիարդ դրամ: «Ամերիաբանկը» 2014թ. առաջին եռամսյակի արդյունքներով ակտիվների, պարտավորությունների և հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների մեծությամբ շարունակում է պահպանել բացարձակ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում»,- ասաց Գ. Թառումյանը:
Բանկի զուտ շահույթը 31.03.2014թ. դրությամբ կազմել է ավելի քան 1.4 մլրդ դրամ, որի մասնաբաժինը շուկայում 16% է:
Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում աճել են ավելի քան 9%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում (31.03.2013-31.03.2014)՝ 39%-ով:
Բանկի վարկային պորտֆելը 31.03.2014թ. կազմել է շուրջ 181 միլիարդ դրամ, որով «Ամերիաբանկը» երկրորդ տեղն է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում:
Գ. Թառումյանը նշեց, որ բանկը ընթացիկ տարում արժանացել է մի շարք մրցանակների: Մասնավորապես՝ միջազգային ճանաչում ունեցող «Քորփորեյթ Ինթըրնեյշնլ Մեգըզին» 2014թ. ամսագիրը «Ամերիաբանկին» ճանաչել է որպես «Հայաստանի տարվա լավագույն բանկ ֆակտորինգային ծառայությունների մատուցման գծով»: Global Finance ամսագիրն էլ բանկին արժանացրել է 3 մրցանակի՝ 2014թ. «Տարվա լավագույն բանկ», 2014թ. «Տարվա լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»,և 2014թ. «Տարվա լավագույն բանկ արտարժութային գործառնությունների գծով»:












































