ԱՄՆ-ում հայտարարել են համազգային Mega Millions վիճակախաղի հաղթողների անունները, որի 414 մլն դոլարանոց ջեքփոթը խաղարկվել է մարտի 18-ին ու դարձել դրա պատմության մեջ երրորդ խոշորագույն գումարը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել են վիճակախաղի ներկայացուցիչները, երջանիկ հաղթողներն են 35-ամյա Ռեյմոնդ Մոյերն ու Ռոբին Կոլիերը՝ Ֆլորիդա նահանգից:
Նրանք չեն ցանկացել ոչ մի լրացուցիչ տեղեկություն հայտնել իրենց մասին: Հայտնի է միայն, որ հաղթած տոմսը գնվել է Ֆլորիդայի սուպերմարկետներից մեկում: Խանութի սեփականատերը արդեն ստացել է 100 հազար դոլարի չափով գումար:
Մոյերին ու Կոլիերին բաժին կընկնի միայն ջեքփոթի կեսը՝ ինչ-որ մեկը գնել է հաջողակ տոմսը Մերիլենդ նահանգում, սակայն դեռ չի հայտարարել իր մասին:
Հաղթողները որոշել են գումարը վերցնել ոչ թե մաս-մաս, այլ միանգամից: Այդպիսով, ըստ վիճակախաղի կանոնների՝ նրանց գումարը կկազմի 115.5 մլն դոլար՝ չհաշված հարկերը:












































