USA Today-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը պետք է սեռական բռնություններից սովորողներին պաշպանելու թեմայով զեկույց ներկայացնի:
«Քոլեջներն ու համալսարանները պետք է սեռական բռնությունների մասին փաստերին լուրջ վերաբերվեն: Աչքերը չփակել և այնպիսի տեսք ընդունել, կարծես այդպիսի բան գոյություն չունի»,- հայտարարել է Բայդենը:
Այս թեման վաղուց է ցավոտ դարձել ուսումնական հաստատությունների ղեկավարների համար: Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ ուսանողուհին դառնում է բռնաբարության փորձի կամ հենց բռնաբարության զոհ: Դրանից բացի, սեռական ոտնձգությունների է ենթարկվում 16 տղամարդկանցից առնվազն մեկը: Այս տվյալները մեջբերվում են 2007թ. ԱՄՆ-ի Ազգային արդարադատության ինստիտուտի պատվերով կատարված ուսումնասիրությունից:
Ապրիլի 16-ի դրությամբ՝ Քաղաքացիական իրավունքի հարցերով կրթության կառավարման դեպարտամենտը (OCR) 53 չլուծված գործեր է հայտնաբերել, որոնց զոհերը ուսումնական հաստատություններին մեղադրում են ուսանողական հանրակացարաններում սեռական բռնությունների հետ կապված տարբեր կոնֆլիկտները լուծելու հարցերում անգործության մեջ:
Հարկ է նշել, որ դաշնային ֆինանսավորում ստացող քոլեջներն ու համալսարանները պարտավոր են քննարկել սեռական ոտնձգությունների վերաբերյալ բողոքները: Հակառակ դեպքում, Կրթության դեպարտամենտը կարող է ուսումնական հաստատությանը զրկել ֆինանսավորումից:










































