Եթե չունեին վերելակի՝ տեխնիկապես անթերի վիճակում գտնվելու մասին փաստաթուղթ, ուրեմն հանցագործ են: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Սասնա ծռեր 2 հասցեում վերելակի պոկվել-ընկնելուն, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել և երկուսն էլ վիրավորվել էին:
«Ցանկացած շենք, կապ չունի՝ նորակառույց է, թե ոչ, շահագործման հանձնվելուց առաջ պետք է ունենա համապատասխան փաստաթղթեր՝ և՛ էլեկտրացանցից, և՛ ջրմուղից, և՛ գազի վարչությունից: Բարձրահարկ շենքերի դեպքում պետք է պարտադիր ունենալ վերելակի՝ տեխնիկապես անթերի վիճակում գտնվելու մասին փաստաթուղթ և միայն դրանից հետո է շենքը ենթակա շահագործման: Այս դեպքում շենքը նորակառույց է, և ենթադրվում է, որ պետք է ունենա սեփականատեր, որն էլ շենքը շահագործման հանձնելուց առաջ պետք է ստացած լիներ այս բոլոր փաստաթղթերը: Եթե չի արել նման բան, և շենքն առանց այդ փաստաթղթի հանձնվել է շահագործման՝ շրջանցելով այս կարևոր դրույթը, ուրեմն հանցագործ է, բայց ես չգիտեմ և վստահ ասել չեմ կարող՝ արե՞լ են նման բան, թե՞ ոչ: Հայաստանում այսօր բազմաթիվ բարձրահարկ շենքեր կան, որոնցից, համոզված եմ, որ ոչ բոլորն ունեն վերելակի տեխնիկական վիճակի մասին անձնագրավորում: Վերելակը, ինչպես և ավտոմեքենան, պետք է ժամանակ առ ժամանակ տեխնիկական ստուգում անցնի, որպեսզի դժբախտ պատահարներ չլինեն»,- ասաց Ա. Պողոսյանը:
Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին, որ հարուցվել է քրեական գործ, և այն դեռ գտնվում է նախաքննության փուլում: Հարցին, թե հնարավո՞ր է շենքի սեփականատիրոջ դեմ հարուցվի քրեական գործ, պատասխանեցին, որ «գործը հարուցվել է փաստի առնչությամբ»:










































