Վրացական «9-րդ ալիք» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ մտադիր է վերահսկել Աբխազիայի ու Հարավային Օսիայի բանակները, ինչպես նաև այդ հանրապետություններում ռուսական ռազմաբազաները ժամանակակից սպառազինությամբ հագեցվելու գործընթացները:
«Վրացական կողմին, բնականաբար, մտահոգում է այդ ռազմականացումը: Մեր հետախուզությունը պետք է ֆիքսի, որպեսզի չլինի վտանգի էսկալացիա, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության: Իմ գլխավոր առաջադրանքներից մեկը լինելու է օկուպացված տարածքներում տեղական անջատողական իշխանությունների, ինչպես նաև ռուսական օկուպացիոն զորքերի տեղաշարժի վերահսկողությունը:
Մյուս կարևոր առաջադրանքը հակամարտությունների կանխման նոր մեխանիզմների մշակումն է, միջազգային հանրության մասնակցությամբ աբխազների ու օսերի հետ երկխոսություն վարելը»,- ասել է նա:









































