Անգլիայի Liberty GB կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանի ընտրություններում պատգամավորի թեկնածու Փոլ Ուեսթոնը ձերբակալվել է կրոնական և ռասայական անհանդուրժողականության մեղադրանքով: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Բանն այն է, որ իր ելույթներից մեկում Փոլ Ուեսթոնը մեջբերել է Ուինսթոն Չերչիլի գրքից մի հատված: «Պատերազմ՝ գետի վրա: Պատմություն Սուդանի ազատագրման մասին» գրքում Չերչիլը կիսվում է իսլամի վերաբերյալ իր հայացքներով:
«Գյուղատնտեսություն վարելու անհասկանալի մեթոդները, առևտրական կապերի անկայուն բնույթը և մասնավոր սեփականության իրավունքի անհուսալիությունը առկա են ամենուր, որտեղ կառավարում կամ ապրում են մարգարեի հետևորդները: Նրանցից հազարավորները դառնում են թագուհու քաջ և նվիրյալ զինվորներ՝ նրանք բոլորը պատրաստ են մեռնել նրա համար: Սակայն կրոնը, որին նրանք հետևում են, կաթվածահար անող ազդեցություն է թողնում նրանց սոցիալական զարգացման վրա: Աշխարհում դրանից ավելի հետադիմական ուժ գոյություն չունի»,- մեջբերել է Ուեսթոնը:











































