Ամերիկյան Apple կորպորացիայում տեղի են ունեցել վերջին տասնամյակի ամենամասշտաբային փոփոխությունները. ընկերությունը լքել են միանգամից երկու առաջատար թոփ մենեջերներ:
Մասնավորապես, իրենց պաշտոններից զրկվել են ընկերության ավագ փոխնախագահ Սքոթ Ֆորսթոլը, որը պատասխանատու էր iOS օպերացիոն համակարգի մշակման համար, և փոխնախագահ Ջոն Բրաուետը, որը զբաղվել է մանրածախ առևտրի ռազմավարության հարցերով: Այս մասին հայտարարել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկը՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Կորպորացիայի ղեկավարը չի հստակեցրել առաջատար աշխատակիցների պաշտոնաթողության պատճառները: Թիմ Կուկը հավելել է միայն, որ Ֆորսթոլի հեռանալը հանդիսանում է ընկերությունում մասշտաբային փոփոխությունների մաս: Այդ փոփոխությունների նպատակն է «արտադրվող սարքավորումների, ծրագրային ապահովման և սպասարկման առավել սերտ ինտեգրացումը»:
Ֆորսթոլը ընկերությունում աշխատում է 1997 թվականից: Նա լիազորությունները վայր կդնի 2013-ի սկզբին, սակայն կմնա Կուկի խորհրդական: Նշենք, որ հենց նա է պատասխանտու եղել iOS-ում Apple Maps հավելվածի մշակման համար: iPhone-ի վերջին մոդելի ներկայացումից հետո պարզվեց, որ հավելվածում թերացումներ կան, և Թիմ Կուկը ստիպված եղավ ներողություն խնդրել օգտատերերից:
Իսկ Բրաուետը ընկերությունում աշխատում է 2012-ի հունվարից:












































