ԱԺ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ Հանրապետականը պետք է հրաժարվի քաղաքական նարցիսիզմից, ապա նշեց, որ ընտրվելու դեպքում անհրաժեշտ կհամարի քառօրյան դարձնել եռօրյա: Հակոբյանը նշեց, որ ԱԺ-ում աշխատանքի ողջ բեռը կրում են հաշված թվով անձինք, ովքեր խորհրդարան բերվող նախագծերին ծանոթանում են ուշադրությամբ: Թեկնածուի խոսքով՝ Ազգային ժողովի պատգամավորները, իշխանության ներկայացուցիչները դարձել են «կոճակ սեղմողներ», նախագծերի մեծ մասը բերում է կառավարությունը, սակայն ի պաշտոնե իրենք են օրենսդիր մարմինը:
«Մենք ասում ենք՝ մեզ հայրենազրկել են, մորթել են, բայց շատ հայ ընտանիքներում քեֆ-ուրախություն է, որ կարողացել են երեք ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերել: Հարգելի մեծամասնություն, որևէ մեկդ դաս առա՞ք, ցանկացա՞ք հրաժարական տալ: Այդ քաղաքական ուժերի ակտիվ համագործակցությամբ է, որ դուք ցայտնոտում եք հայտնվել: Դուք շատ ծանր վիճակում եք գտնվում ու համաձայնեք՝ արմատական փոփոխությունների կարիք կա: Հրաժարվեք քաղաքական նարցիսիզմից, Ազգային ժողովը պետք է հակակշիռ դառնա: 98 տոկոս օրենքները բերում է կառավարությունը, ամոթ է, ի՞նչն է խանգարում, որ պրոֆեսիոնալներ ունենանք, որ մենք գրենք օրենքներ»,- ասաց նա:
Ամփոփիչ ելույթում Հակոբյանը չորս քաղաքական ուժերին կոչ արեց չմասնակցել քվեարկությանը, նա ընդգծեց, որ դա ուղղված չէ անձերի դեմ, այլ ուղղված է համակարգի դեմ:
Թեկնածուն, խոսքն ուղղելով իշխող մեծամասնությանը, նշեց՝ կոալիցիոն դուետը, նրանց քաղաքականության հետևանքով դարձավ քաղաքական ակապելլա: Հակոբյանը ելույթի վերջում հայտարարեց ինքնաբացարկի մասին:
ՀԱԿ պատգամավոր, ինքնառաջադրված Հրանտ Բագրատյանն էլ տեղեկացրեց, որ իր թեկնածությունը հանել չի պատրաստվում, քանի որ մեծամասնությունն, առանց այլընտրանքի, չպիտի ընտրություն անցկացնի, դա անում է այն մարդկանց համար, ովքեր ժամանակին իրենց ձայն են տվել:
Այսպիսով՝ ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուների թիվը նվազեց: Այդ պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածու՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:










































