Չեխիան և Սլովակիան մտադիր են համատեղ զարգացնել միջուկային էներգետիկան: Այս մասին, ինչպես հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները, այսօր Սլովակիայի Տրենչին քաղաքում հայտարարել է Չեխիայի կառավարութւյան ղեկավար Պետր Նեչասը` Չեխիայի և Սլովակիայի կառավարությունների առաջին համատեղ նիստից հետո:
«Սլովակիայի և Չեխիայի հանրապետությունների միջուկային էներգետիկայի ծրագրի հետագա զարգացումը մեր ընդհանուր շահերից է բխում»,– ասել է նա:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հերթին նշել է, որ Եվրոպայում նման ծրագրերի հակառակորդներ ի հայտ կգան: «Կան երկրներ, որոնք, ամենայն հավանականությամբ, մեզ կխանգարեն»,-ասել է նա՝ չնշելով թե ԵՄ գործընկերներից կոնկրետ ումից կարելի է սպասել բացասական արձագանք:
Տրենչինում հանդիպման մասնակիցներն աշխատանքի հետագա ուղղությունների մասին հայտարարություն են ստորագրել: Ինչպես հաղորդվում է, այս համագործակցության կարևոր թեմաներից է միջուկային էներգետիկան, ինչպես նաև 2015 թ. Հոկեյի աշխարհի առաջնություն անցկացնելու հնարավորությունը:











































