Այսօր՝ ապրիլի 28-ին, ԱՄՆ-ը և ԵՄ-ն կարող են հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք առաջին հերթին կուղղվեն երկրի ռազմարդյունաբերական համալիրի դեմ: Բացառված չէ, որ պատժամիջոցների ցուցակում հայտնվեն «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը և «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի հաղորդմամբ՝ ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել ռուս 15 անձանց նկատմամբ: Թե քանի ռուս է հայտնվել Վաշինգտոնի ցուցակում՝ առայժմ հայտնի չէ:
Իսկ The New York Times թերթը հայտնում է, որ ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում կարող են նշվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ շրջապատից մարդկանց անուններ: Խոսքը, մասնավորապես, Իգոր Սեչինի և Ալեքսեյ Միլլերի մասին է:
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ը, ի տարբերություն ԵՄ-ի, կարող է պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության բոլոր ոլորտների դեմ: Ամեն դեպքում, հենց դա են պնդել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մի շարք խորհրդականներ: Օբաման, սակայն, առայժմ չի ընդունել այդ մոտեցումը:
Ղրիմի բռնակցման հետ կապված՝ Ռուսաստանի նկատմամբ առաջին պատժամիջոցները Սպիտակ տունը սահմանել է մարտին:




































