ԱՄՆ-ը և Եվրամիությունը՝ չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համակարգման ջանքերին, լուրջ տարակարծություններ ունեն, և Վաշինգտոնը կարող է գործել ինքնուրույն՝ շրջանցելով եվրոպացիներին: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցիչներին:
ԱՄՆ-ը՝ ի տարբերություն եվրոպացի գործընկերների, պատրաստ է ռուսական տնտեսության բոլոր ոլորտների դեմ պատժամիջոցների: ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2012-ին կազմել է 370 մլրդ դոլար, իսկ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ մոտ 26 մլրդ դոլար: Ուստի ԱՄՆ-ը զգալիորեն քիչ կորուստներ կունենա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից, քան ԵՄ-ն:
Պարբերականը գրում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն կոչ է արել ավելի զուսպ դիրքորոշում գրավել պատժամիջոցների առնչությամբ: «Նա պնդել է, որ չնայած պետք է գործել, սակայն առանց եվրոպական աջակցության՝ ծավալուն միջոցառումները կվնասեն ամերիկյան բիզնեսին և Ռուսաստանի վրա ցանկալի ազդեցությունը չեն ունենա»,- ասվում է պարբերականում:










































