ՌԴ-ն ցանկանում է վերահսկել տարածաշրջանը, ուստի այն չի կարող կայուն լինել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելին՝ անդրադառնալով «Արևելյան գործընկերության» ծրագրի ճակատագրին:
Նա նշեց, որ ծրագիրը պետք է շարունակվի, իսկ տարածաշրջանի կայունության պատասխանատուն և մեղավորը Ռուսաստանն է և ոչ Եվրոպան, Ռուսաստանը պետք է նորմալ երկիր դառնա, որը շատ բարդ բան է, Ռուսաստանն ինչպես գիշատիչ եղել է, այնպես էլ կմնա: Իսկ ԱլԳ երկրներին, ըստ նրա, այլ բան չի մնում, քան շարունակել իրենց ուղին,թեև շատ բան կախված է նրանից, թե ինչպես Ռուսաստանը կշարունակի գործել Ուկրաինայում:
Նա համաձայն չէ շրջանառվող այն տեսակետների հետ, թե Եվրոպան հարվածի տակ դրեց Ուկրաինան՝ նշելով, որ Ուկրաինան ինքն է ցանկանում շարժվել դեպի Եվրոպա, և այս իրավիճակում Եվրոպան ոչինչ չի կարող անել, ոչինչ չի օգնի, քանի որ Ռուսաստանը ցանկանում է ամրապնդվել իր հարևանների հաշվին, իսկ հարևաններն այդ պատճառով փախչում են դեպի Եվրոպա, ամեն ինչ բնական է:
«Եվրոպան ոչինչ ստիպողաբար չի անում, ում ենք մենք պետք այնտեղ, իրենք են մեզ անհրաժեշտ: Եթե Ռուսաստանը լավ հարևան լինի տարածաշրջանում, ապա ամեն ինչ լավ կլինի, բայց ՌԴ-ն ցանկանում է վերահսկել տարածաշրջանը, ուստի այն չի կարող կայուն լինել, բայց «Արևելյան գործընկերությունը» պետք է շարունակվի, քանի որ այդ ծրագրի բոլոր մասնակիցները չէ, որ մեկ քայլ առաջ են արդեն:
«Արևելյան գործընկերությունը» ծրագիր էր, որի նպատակը ԱլԳ վեց երկրներին մեկ քայլ վեր բարձրացնելն էր, եվրոպական արժեքներ փոխանցելը, ոմանց դեպքում սա հաջողվեց, իսկ ոմանց դեպքում ՝ ոչ, որը նշանակում է, որ պետք է ծրագիրը շարունակվի»,- ասաց նա՝ շարունակելով, որ ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը արդարացված կարելի է համարել, քանի որ Հայաստանն ունի անվտանգության հարցեր, Բելառուսը ևս իր խնդիրներն ունի, իսկ Ադրբեջանը դեռ այլ հնարավորություններ է դիտարկում:
«Տարածաշրջանում Ռուսաստանի ձեռքում մեծ լծակներ կան, լծակների մյուս մասն էլ ժողովուրդների ձեռքում է, եթե ժողովուրդները ցանկանում են, որպեսզի Ռուսաստանն իրենց վերահսկի, այդպես էլ կլինի, իսկ Հայաստանը որոշում է կայացնում իր ներկայիս իրողություններից ելնելով, դա հասկանալի է, բայց ոչ վերջնական, ամեն ինչ հենց այստեղ չի ավարտվում»,- նշեց նա:








































