Լիբիական Զուեյթինի նավահանգստում գտնվող նավթալիցքավորման տերմինալը, աշխարհազորայինների կողմից այն արգելափակելու արդյունքում պետական գանձարանին հասցված վնասները գնահատելուց հետո, կվերսկսի աշխատանքը: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը՝ հղում անելով արդարադատության նախարար Սալահ Մարգանիին:
Նրա խոսքով՝ հարկավոր է տերմինալի տեխնիկական վիճակի նախնական ստուգումներ անցկացնել: Անցած տարվա ամառվանից Զուեյթինի նավահանգիստն ու երկրի որոշ այլ կարևոր նավթային օբյեկտներ գտնվում են զինված աշխարհազորայինների հսկողության տակ: Մարտի սկզբին նրանք փորձել են, շրջանցելով երկրի կենտրոնական իշխանություններին, նավթ արտահանել:
Լիբիական նավթով բեռնավորված նավը Միջերկրական ծովում անցել էր ամերիկյան հատուկջոկատայինների վերահսկողության տակ: Այս դեպքից հետո նավթային օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու նպատակով Լիբիայի արևելք էին ուղարկվել տանկային ստորաբաժանումները:
Նավթարդյունահանող առաջին նավահանգիստը իշխանությունների վերահսկողությանն է հանձնվել ապրիլի 9-ին:










































