Տարվա սկզբից աշխարհում սպանվել է ավելի քան 100 լրագրող, որոնք կատարելիս են եղել իրենց մասնագիտական պարտքը: Այսպիսի տվյալներ է տրամադրել այսօր Նյուրնբերգում Լրագրողների միջազգային դաշինքը՝ աշխարհում զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների խոշորագույն կազմակերպությունը:
Լրագրողների աշխատանքի համար ամենավտանգավոր երկիրը համարվել է Սոմալիի Հանրապետությունը, որտեղ այս տարի սպանվել են տասնվեց լրագրողներ: ԼՄՖ-ի տվյալների համաձայն՝ իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ սպանված լրագրողների թիվը տարեցտարի ավելանում է: 2010 թ. աշխարհում սպանվել է 94 լրագրող, իսկ 2011 թ.՝ 106:
«Կարծիքն ազատ արտահայտելու պայքարում չափից շատ լրագրողներ են սպանվում: Դա սկանդալ է, երբ շատ կառավարություններ, ոչինչ չձեռնարկելով, հետևում են, թե ինչպես են լրագրողները բռնության զոհ դառնում: Խոսքի ազատությունը մարդու իրավունքների անբաժանելի մասն է կազմում: Սակայն որոշ մարդկանց դուր չի գալիս, թե ինչ են հայտնում լրագրողները»,– ասել է դաշինքի ղեկավար Ջիմ Բումելան։
Լրագրողների համար ամենաանբարենպաստ տարածաշրջաններից են համարվում նաև Մերձավոր Արևելքը և արաբական երկրները, որտեղ ընդհանուր առմամբ սպանվել են 32 լրագրողներ, իսկ Իրաքում, Պակիստանում և Մեքսիկայում սպանվել են 11–ական լրագրողներ։
Լրագրողների միջազգային դաշինքը միավորում է ԶԼՄ-ների գրեթե 600 հազար աշխատակիցների ամբողջ աշխարհում: Կազմակերպության շտաբ-գրասենյակը գտնվում է Բրյուսելում:











































